Հայֆան պաշտոնապես ճանաչեց Հայոց Ցեղասպանությունն ու այսօրվանից ունի համանուն հրապարակ

0
416

Մարտի 20-ը կմնա Իսրայելի Հայֆա քաղաքի պատմության մեջ որպես Հայոց հաղթանակի տարեթիվ: Հունվարի 21-ին քաղաքապետարանի ավագանին միաձայն որոշեր էր ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, Հայոց Ցեղասպանության հրապարակ ստեղծել Հայֆայի ամենաբանուկ Սդերոտ Բեն Գուրիոն փողոցի վրա, որը զբուսաշրջության ու հայֆացիների ամենասիրելի զբոսավայրերից մեկն է ու հարևանությամբ է գտնվում Բահայան այգիներին: Նրանք պայմանավորվել էին նաև աջակցել Հայոց Ցեղասպանության հուշարձան տեղադրելու գործում:

Մարտի 20-ին  հանդիսավորությամբ տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության շրջանակի և ցուցանակի բացման արարողությունը։

Բացմանը ներկա էին Հայֆայի քաղաքապետ Էյնատ Կալիշ֊Ռոտեմն, Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանն, Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի պատվիրակությունը Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի ու Հայր Աղան Գոչյանի մասնակցությամբ, «Մերեց» կուսակցության նախկին պատգամավոր Մոսի Ռազը, Հայֆայի բոլոր կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներն ու Իսրայելի տարբեր շրջանների հայկական համայնքների ներկայացուցիչներ։ Ավելի քան 350 հյուրեր էին հավաքվել այս գեղեցիկ արարողությանը՝ մասնակից դառնալու, որն ավելի քան 2 ժամ տևեց։ Քաղաքապետարանի կողմից երեկոն վարեց քաղաքապետարանի միջոցառումների բաժնի ղեկավար Էլիռան Տալը:

Չափազանց ուշագրավ էր քաղաքապետի ելույթն, ով անդրադառնալով քաղաքապետարանի ավագանու որոշմանը՝ կարևորեց այս իրադարձությունը։ Նա հայտարարեց, որ հայկական համայնքը քաղաքի անբաժանելի համայնքներից մեկն է, մասնակցում է քաղաքային կյանքին, քաղաքի առանձնահատկությունների մասին խոսեց ու հավելեց, որ մյուս ամիս էլ հրեական ողջակիզման հերթական տարելիցին, եթե ոչ հրեաներն ապա ովքեր ավելի լավ կարող են հասկանալ հայ ժողովրդի ողբերգությունն ու իր համերշխությունը հայնեց հայ ժողովրդին:

Եբրայերեն լեզվով ելույթ ունեցավ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Արման Հակոբյանը, ով պատմական գնահատեց քաղաքապետարանի այս որոշումը։ Դեսպանն ասաց, որ ոչ միայն հայֆայահայերի ու Իսրայելի հայկական համայնքի համար, այլև ողջ աշխարհի հայության համար չափազանց կարևոր է իսրայելի իր մեծությամբ երրորդ քաղաքում Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձան բացելն ու վստահությամբ կարելի է ասել, որ ճիշտ ճանապարհ է ուրվագծվում Իսրայելում Հայոց Ցեղասպանության ճանաչման համար:

Ելույթներ ունեցան Հայֆայի հայկական համայնքի անունից Հ.Մ.Ը.Մ.֊ի ատենապետ Երեմ Լափաջյանը։ Ելույթներն ամփոփեց Հայֆայի ու Հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանը։ Հոգևոր հովիվը ներկայացրեց համատեղ իրականացրած աշխատանքներն ու քաղաքային ավագանու անդամ Նիռ Շովեռի հետ իրենց հանդիպումների մասին պատմեց: Նիռն այնքան էր տարվել այս գաղափարով, որ Հայֆայի քաղաքապետարանում նրան արդեն Նիռ Շովեռյան են անվանում:

Հայր Տիրայրը շնորհակալություն հայտնեց քաղաքապետին ու քաղաքային խորհրդին՝ նման որոշման համար ու մասնավորապես ասաց որ այս քայլը պետք է օրինակ ծառայի մյուս քաղաքների համար և պետք է հիմք հանդիսանա Իսրայելի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար։

Երեկոն համեմված էր հայկական դյութիչ երաժշտությամբ։ Նախ երեկոն բացեց Հայֆայի սիմֆոնիկ նվագախմբի շեփորահար, “Բիգ Բենթ” ջազային երաժշտական խմբի ղեկավար, բազմաթիվ միջազգային փառատոնների հաղթող, շեփորահար Արմեն Ասլանյանն ու “Դիլիջան ” համույթի մենակատար, դուդուկի վարպետ Իլյա Մազիան։

Այնուհետև նվերների փոխանակությունից հետո տեղի ունեցավ երեկոյի կուլմինացիոն պահը՝ հանդիսավորությամբ բացվեց Հայոց Ցեղասպանության հրապարակի ցուցանակը՝ բուռն ծափողջույների ներքո:

Խմբագրության կողմից՝

Իսրայելի տարբեր քաղաքներում գործող համայնքային կառույցների շարքում իր միասնությամբ, անընդհատ շարունակական աշխատանքներով ու մյուս համայնքներին աջակցելու առումով ամենաօրինակելին Հայֆայի հայկական համայնքն է, որը Հայֆայի ու հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ փայլուն օրինակ է՝ համերաշխության, տոկունության ու միասնության:

Հայֆայի համայնքն առանձնահատուկ հարաբերություններ ունի հատկապես Պետախ Տիկվայի հայկական համայնքի հետ, որի հետ միասին միանալով Յաֆայահայերին արդեն ավելի քան 15 տարի միասին կազմակերպում են ապրիլյան միջոցառումներն ու ցույցերը: