Պետախ Տիկվայում բացվեց Շառլ Ազնավուրի անվան այգին

0
397
Ապրիլի 2-ը ևս մեկ խորհրդանշական օր դարձավ Պետախ Տիկվայի հայկական համայնքի նորագույն պատմության մեջ:
Իրոք մեծ պատիվ էր քաղաքապետ Ռամի Գրինբերգի ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին քաղաքում ընդունել Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Հակոբյանին, հյուպատոս Նարեկ Ղազարյանին, Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչներին՝ կրթության և ֆրանսերեն լեզվի կուրսերի ղեկավար պարոն Տիերի Պետրոյին, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի պատվիրակությանը՝ դիվանապետ հար Աղան Գոչյանի գլխավորությամբ, Յաֆֆոյի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Յաֆֆոյի ու երկրի կենտրոնի հոգևոր հովիվ հայր Տիրան աբեղա Հակոբյանի գլխավորությամբ, Հայֆայի «ՀՄԷՄ» կազմակերպության ղեկավարությանը՝ Հայֆայի ու հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ: Բավական ներկայացված էին Իսրայելի տարբեր հայաշատ կենտրոնները:
Պետախ Տիկվայի հայկական համայնքը սկսեց ձևավորվել դեռևս 2004 թվականի սկզբներից ու անմիջապես սկսեց համագործակցել քաղաքային իշխանությունների հետ՝ ազդարարելով ոչ միայն համայնքային կառույցների հիմնադրման այլև Իսրայելում առաջին արևելահայերեն լեզվով կիրակնօրյա դպրոցի հիմնադրման փաստը: 2004 թվականին ստեղծված ու 2005 –ին գրանցված Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» ու այնուհետև նրան միացած «Նոյան Տապան» հայկական կրթական մշակույթային միություններն շարունակելով համագործակցությունը քաղաքապետարանի հետ 2020 թվականին հուշարձանի կառուցումից հետո անցյալ տարի մի քանի նոր նախաձեռնություններով հանդես եկան ու գրավոր դիմեցին հարգելի քաղաքապետ Ռամի Գրինբերգին ու քաղաքային խորհուրդին: Ծրագրերի առյուծի բաժինն, որոնք անմիջական առնչություն ունեին քաղաքապետարանի հետ, անմիջապես հավանության արժանացան՝ ընդգծելով հայկական համայնքի ու քաղաքապետարանի հետագա երկարատև ու բեղմնավոր համագործակցության փաստը:
Մեր համայնքը օրեր առաջ նաև մասնակցեց Հայֆա քաղաքում Հայոց Ցեղասպանության հրապարակի ու ցուցանակի բացման արարողությանն ու ուրախ ենք, որ Հայֆայի նման մեծ քաղաքի քաղաքապետարանն ևս նման պատմական որոշում կայացրեց ու այսպիսով կարելի է ասել որ հիմք է դրվել համայնքային իշխանությունների մակարդակով Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացին Իսրայելում:
Միայն 2017 թվականի հոկտեմբերին աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի Իսրայել ժամանելուց հետո տեղեկացանք, որ Ազնավուրյանները՝ Շառլի հայրն ու մայրը, Միշան ու Քնարը Փարիզում օգնել են Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին, ֆրանսիայի ֆաշիստների կողմից օկուպացիայի ժամանակ, Միսակ Մանուշյանի խմբին ու ֆրանսիացի պարտիզաններին՝ միաժամանակ տասնյակ հրեաների թաքցրել իրենց տանը՝ ասպիսով փրկելով հրեաներին ողջակիզումից ու ցեղասպանությունից: Մեր ուսումնասիրությունների արդյունքում նաև պարզվեց, որ Շառլի հորեղբայրը՝ Խաչատուր Ազնավուրյանն ևս Դոնեցկում իր նկուղում հրեաների էր թաքցնում:
Մեր միությունները նամակով անցյալ տարի դիմեցին պարոն Գրինբերգին խնդրելով «Համայնքների» այգին, որտեղ տեղադրված է Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հիասքանչ այս հուշարձանը, վերանվանել երջանկահիշատակ, հայ ժողովրդի աշխարհահռչակ զավակ ու մարդասեր Շառլ Ազնավուրի անունով, որպես ոչ միայն աշխարհում հայտնի ֆրանսահայ երգիչ, այլև որպես հրեաներին Հոլոքոստի ժամանակ փրկած Ազնավուրյանների գերդաստանի արժանի զավակ ու որպես խորհրդանիշ հայ-հրեական բարեկամության:
Քաղաքային խորհուրդը քաղաքապետ Ռամի Գրինբերգի գլխավորությամբ միաձայն որոշում կայացրեց վերանվանել «Համայնքների» այգին ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով: Կրկին շնորհակալություն ենք հայտնում քաղաքապետին ու քաղաքային իշխանություններին հայկական համայնքին աջակցելու համար: