Իսրայելում ՀՀ դեսպանատան աշխատանքը բացի Իսրայելի Արտաքին Գործերի նախարարության պատասխանատուների, Քնեսետի, պետական տարբեր գերատեսչությունների ու Իսրայելում հավատարմագրված դեսպանների ու դիվանագետների հետ համատեղ աշխատանքով ու քննարկումներով չի սահմանափակվում: Շատ հաճախ մեր երկրի դիվանագետների աշխատանքն, որը իրականացվում է դիվանագիտական հանդիպումների ու խողովակների միջոցով անտեսանելի է համայնքի համար, քանզի դեսպանատան աշխատանքը չի եզրափակվում միայն հյուպատոսական աշխատանքով: Դեսպան Արման Հակոբյանն իր աշխատանքային գործունեության ընթացքում հասցրել է հանդիպել Իսրայելի տարբեր քաղաքների քաղաքապետերի հետ ու ջերմ հարաբերություններ հաստատել: Զորօրինակ Պետախ Տիկվայի քաղաքապետ Ռամի Գրինբերգի հետ է բազմաթիվ հանդիպումներ ունեցել՝ ապրիլ 24-յան ու տարբեր մշակույթային միջոցառումների ընթացքում, Հայֆայի քաղաքապետարանի պատասխանատուների ու քաղաքապետ Էյնատ Կալիշ-Ռոտեմի հետ էր հանդիպել մարտի 20-ին՝ Հայոց Ցեղասպանության շրջանակի և ցուցանակի բացման արարողության շրջանակներում: Մեր դեսպանը երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցություն հաստատելու ծրագրի շրջանակներում շարունակում է քաղաքական կարևոր հանդիպումները:
Հունիսի 7-ին Իսրայելում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Հակոբյանը պաշտոնական այց կատարեց Աֆուլա քաղաք: Այցի կապակցությամբ քաղաքի կենտրոնական փողոցները զարդարված էին Հայաստանի պետական դրոշերով:
Քաղաքապետարանում Ա. Հակոբյանը հանդիպում ունեցավ քաղաքապետ Ավի Էլկաբեցի, փոխքաղաքապետ Միքայել Բարքանի, միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Թամար Դագմիի և այլ պաշտոնյաների հետ: Քաղաքապետ Ա. Ալկաբեցը ներկայացրեց դեսպանին քաղաքը՝ հատուկ կանգ առնելով քաղաքի զարգացմանն ուղղված ծրագրերի վրա: Պայմանավորվածություն ձեռք բերվեց Աֆուլան և Հայաստանի քաղաքներից մեկը քույր-քաղաքներ հռչակելու վերաբերյալ: Հանդիպումից հետո փոխքաղաքապետ Մ. Բարքանի ուղեկցությամբ դեսպան Ա. Հակոբյանն այցելեց «Հա-Էմեկ» բժշկական կենտրոնը, որի պատասխանատուների հետ քննարկեց Հայաստանի հետ առողջապահության ոլորտի համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Աֆուլա այցն իրականցվեց Ա. Հակոբյանի՝ իսրայելյան քաղաքներ այցելելու և երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցություն հաստատելու ծրագրի շրջանակներում: