Արցախի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարության Հայտարարությունը

0
523

16 Օգոստոսի 2023թ․

Հարգելի գործընկերներ

Սիրելի հայրենակիցներ

Արցախում իրավիճակն օրհասական է: Այսօր, առավել քան երբևէ, կարևոր է բոլորիս համախմբվածությունը։

Քաջատեղյակ եք, որ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանն արգելափակել է մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժն Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհով (Լաչինի միջանցքով), բացառությամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների, սակայն հունիսի 15-ից արգելվել է նաև վերջիններիս տեղաշարժը, այդ թվում՝ առաջին անհրաժեշտության պարենի մատակարարումը:

Ադրբեջանի պետական հովանավորությամբ իրականացվող ահաբեկչական այս գործողությունների հետևանքով Արցախի 120,000 բնակչությունն ունի սննդի, դեղորայքի, վառելիքի և առաջին անհրաժեշտության ապրանքների խիստ սղություն, ինչը հանգեցրել է լուրջ խնդիրների կենսագործունեության բոլոր ոլորտներում։ Հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար, որոնց ներքին պաշարները խիստ սահմանափակ են:Լիակատար պաշարման հետևանքով կտրուկ աճել են հոգեբանական խնդիրների, հիվանդացության և մահվան ցուցանիշները։

Արցախն այսօր աշխարհում միակ տարածքն է, որը գտնվում է լիակատար պաշարման մեջ և որտեղ նույնիսկ միջազգային հանրությունը որևէ մուտք չունի:

Այս ամենի կողքին, այնուամենայնիվ, ունենք պայքարի ու դժվարությունները հաղթահարելուն պատրաստ ժողովուրդ, որը հստակորեն գիտակցում է ադրբեջանական ցեղասպանական նպատակները, սակայն շարունակում է դիմակայել դրանց մեր պատմական հայրենիքում՝ Արցախում ինքնիշխան, անվտանգ ու արժանապատիվ կյանքով ապրելու հույսով։

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Արցախի Հանրապետության նախագահի սփյուռքի մեր հայրենակիցներին ուղղված հրատապ գործողությունների դիմում-ուղերձի համապատասխան հատվածը․

  • համախմբել ջանքերը՝ ձեր բնակության երկրների իշխանությունների եւ հասարակությունների ուշադրությունը սևեռելու Արցախում տեղի ունեցող միջազգային հանցագործություններին և պահանջելու անհապաղ ու գործուն քայլեր ձեռնարկել դրանք կանխելու ուղղությամբ,
  • պահանջել կառավարություններից խստիվ դատապարտել և կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի շրջափակումը վերացնելու նպատակով Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու ուղղությամբ,
  • պահանջել կառավարություններից, իրավապաշտպան կազմակերպությունններից, զանգվածային լրատվամիջոցներից եւ այլ դերակատարներից ուղիղ իրավական որակումներ եւ քաղաքական գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող հանցագործություններին,
  • պահանջել կառավարություններից քննարկել և սահմանել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ՝ վերջինիս կողմից իրականացվող միջազգային հանցագործությունները դադարեցնելու նպատակով։

Դիմում-ուղերձի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Յուրաքանչյուրիդ մասնակցությունը վճռորոշ է Արցախում մեր 120․000 քույրերի և եղբայրների անքակտելի իրավունքների պաշտպանության համար։

Միայն միավորելով մեր համազգային ջանքերը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, կարող ենք կանխել նոր ցեղասպանությունը։

Հարգանքով՝

ԱՀ ԱԳ նախարար

Սերգեյ Ղազարյան