Ապրիլ 24-յան ոգեկոչման արարողություններն Իսրայելում

0
260

Անկախ աշխարհում տեղի ունեցող գործընթացներից ու Իսրայելում ընթացող պատերազմից մեզանում այսօր  ամենակարևոր գերխնդիրն է դարձել մեր պետականության պահպանումն ու կորցրած հողերի վերականգնումը թե Արցախում և թե Արևմտյան Հայաստանում: Հայկական պահանջատիրության մասին յուրաքանչյուրս պետք է հիշենք ու չմոռանանք, անկախ աշխարհաքաղաքական նոր զարգացումներից, պատերազմներից և ճակատագրով հային բաժին հասած իրողություններից ու դրա առհավատչյան այսօրվա  Շառլ Ազնավուրի անվան զբոսայցում տեղադրված մեր հուշարձանի մոտ արդեն 4 տարի շարունակ ուխտագնացությունն ու մոմավառությունն  էր՝ նվիրված Հայոց Ցեղասպանության սրբադասված անմեղ նահատակների 109-րդ տարելիցին: Պատերազմական իրավիճակի պատճառով այս տարի Իսրայելում հայկական կազմակերպությունների միջոցառումները սահմանափակ բնույթ էին կրում:

Երեկվանից Երուսաղեմում մեկնարկել էին ապրիլ 24-յան միջոցառումները։ Այսօր առավոտյան Երուսաղեմ տեղի ունեցավ պսակադրության արարողություն Ժառանգավորաց վարժարանի բակում, որին բացի Սաղեմյան միություններից ու կուսակցական տեղի ներկայացուցիչներից, մասնակցեց նաև Պետախ Տիկվայի Իսրայելահայերի «Նաիրի» միության հիմնադիր կազմը` Սմբատ Մխիթարյանի ու Տիգրան Մամաջանյանի գլխավորությամբ։ Պարոն Մամաջանյանը միության անունից ծաղկեպսակ զետեղեց անմեղ զոհերի խաչքարերին։

Երեկոյան ժամը 17:00-ին Հայֆայի Հայոց Ցեղասպանությանը նվիրված հրապարակում, տեղի ունեցավ Սրբադասման Կարգ և Հիշատակի երեկո, որը կազմակերպվել էր տեղի համայնքի և Հայֆայի ու Հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ Տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ:

Իսրայելում ՀՀ  նորանշանակ հյուպատոս պարոն Դավիթ Ալավերդյանը մեզ տեղեկացրել էր երեկ, որ ողջ օրը լինելու են Երուսաղեմում և մասնակցելու են Երուսաղեմում անցկացվելիք արարողություններին: Ժամը 19:00 – ին Երկրի կենտրոնական շրջանների հոգևոր հովիվ հայր Տիրան վարդապետ  Հակոբյանի գլխավորությամբ Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության ոգեկոչման արարողությունը։

Պետախ Տիկվայում, Շառլ Ազնավուրի անվան զբոսայգում մոմավառությունն ուշացած սկսվեց: Առաջին անգամ միջոցառումն անցկացրեցինք առանց դեսպանատան ու հոգևոր վերնախավի մասնակցության, սակայն մեզ իր այցելությամբ հարգեց Պետախ Տիկվայի քաղաքապետ Ռամի Գրինբերգն, ով բավական ոգևորիչ ելույթ ունեցավ եբրայերեն լեզվով՝ կարևորելով օրվա խորհուրդ ու հայկական համայնքի ու քաղաքապետարանի կարևոր համագործակցությունը:

Անմեղ նահատակների հիշատակին նվիրված մեկ րոպե լռության րոպեից հետո տեղի ունեցավ պսակադրության, խնկարկաման ու ծաղիկների զետեղման արարողությունները:

Պետախ Տիկվայում ավելի քան  վեց տասնյակ քաղաքացիներ էին հավաքել, չնայած, որ երկրում իրավիճակը շարունակում է մնալ պատերազմական ու ցանկացած պահի չեն բացառվում նոր ահաբեկչական հարձակումներն Իսրայելի վրա: