Ավարտվեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագիրը

0
23

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ամփոփեց «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի 2024-25թթ. շրջափուլի հայաստանյան դասընթացը: Այս տարի ծրագրին մասնակցեց 28 սփյուռքահայ երիտասարդ 18 երկրից՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեդիայից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Չեխիայից, Ռումինիայից, Նիդերլանդներից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Իրանից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից և Չինաստանից:

Երկշաբաթյա ծրագիրը ներառեց դասախոսություններ, աշխատաժողովներ, հանդիպումներ, փորձի փոխանակման աշխատանքներ, ինչպես նաև այցելություններ պետական, գիտակրթական, մշակութային, հոգևոր կառույցներ և հիշատակի վայրեր, ՀՀ մարզեր: Մասնակիցները, դասընթացի ավարտից հետո վերադառնալով իրենց համայնքներ, մեկ տարի կիրականացնեն ծրագրով նախատեսված համայնքային աշխատանքներ:

Ծրագրի փակման արարողության ընթացքում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հաջողություն մաղթեց սփյուռքի երիտասարդ դեսպաններին՝ վտսահություն հայտնելով, որ նրանք կընդլայնեն իրենց համայնքային գործունեությունը և կդառնան գրասենյակի հուսալի գործընկերները: Նա նաև շնորհակալություն հայտնեց ծրագրի գործընկեր Ջինիշյան հիշատակի հիմնադրամին:

Ելույթով հանդես եկավ Ջինիշյան հիշատակի հիմնադրամի առողջապահական ծրագրերի ղեկավար Զառա Ջանիբեկյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով հիմնադրամի պատրաստակամությունը համագործակցելու «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի շրջանակներում:

Սանկտ Պետերբուրգից ծրագրին մասնակից Աղասի Հակոբյանն իր խոսքում նշեց, որ ծրագիրը հնարավորություն ընձեռեց հասկանալու, թե ինչպես սփյուռքի երիտասարդները կարող են ավելի արդյունավետ աջակցել հայրենիքին: «Այս ընթացքում մենք ունեցանք բազմաթիվ կարևոր հանդիպումներ, ստացանք այն հարցերի պատասխանները, որոնք հաճախ ծագում էին մեզ մոտ, երբ մենք մեր համայնքներում էինք: Մենք համոզվեցինք, որ մեր հայրենիքը զարգանում է»,-նշեց Աղասին: «Հայաստանը մեզ սպասում է: Մենք դա զգացինքն այստեղ գտնվելու յուրաքանչյուր օրվա ընթացքում: Մենք կրում ենք մեր հայրենիքը զարգացնելու պարտականությունը»,-իր խոսքում շեշտեց ծրագրին Լատվիայից մասնակից Ռուզաննա Գրիգորյանը:

Ֆրանսիայից ժամանած Սիլվա Սահակյանը կարևորեց հայրենիքն իրատեսորեն ճանաչելու հանգամանքը, ինչպես նաև հայաստանցի երրտասարդների հետ համագործակցելու կարևորությունը: «Մնաց վերադառնալ Փարիզ՝ սիրտս սիրով լի, ճամպրուկիս մեջ մի կտոր փոքրիկ Հայաստան՝ փոխանցելու համայնքի մյուս երիտասարդներին»,-նշեց Սիլվան:

Չինաստանից Անի Մարգարյանը և ԱՄՆ-ից Վիգեն Անտունյանը կարևորեցին ծրագրի ընթացքում ձեռք բերած  ընկերական և գործընկերային ամուր կապերը, ինչպես նաև ծրագրի կրթական, ճանաչողական, մշակութային հարուստ բաղադրիչները:

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության և «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Աղբյուրը՝  ՀՀ կառավարության մամլո ծառայություն

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Please enter your comment!
Please enter your name here