իԳործ․ Քո միջազգային փորձառությունը ՀՀ պետական համակարգում
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկում է «իԳործ» 2025 ծրագրի հայտադիմումների ընդունումը:
Ծրագիրը սփյուռքահայ մասնագետներին հնարավորություն է տալիս մեկ տարի ժամկետով աշխատելու Հայաստանի պետական կառավարման 20-ից ավելի մարմիններում:
Ծրագրին կարող են մասնակցել այն սփյուռքահայ մասնագետները, ովքեր՝
- Ունեն բարձրագույն կրթություն
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
2025 թվականի հայտադիմումներն ընդունվում են փետրվարի 27-ից մինչև ապրիլի 4-ը՝ հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:
Հարցազրույցների վերջին փուլն անցած մասնագետները 2025 թվականի սեպտեմբերից աշխատանքի կանցնեն ՀՀ պետական կառավարման համապատասխան գերատեսչություններում:
Ընտրված մասնակիցներին տրամադրվում է՝
- Ավիատոմս (դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ)
- Ամսական 336,000 ՀՀ դրամ կեցության նպաստ
- Առողջության ապահովագրություն
- Մեկ տարվա կացության կարգավիճակի տրամադրման վճարի փոխհատուցում
Բացի այդ, Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ 5 մասնագետ հնարավորություն կունենա աշխատելու մարզերում:
«իԳործ» ծրագիրն իրականացվում է վեցերորդ անգամ և համարվում է Հայաստանի Հանրապետության առաջին պետական ծրագիրը, որը սփյուռքահայ մասնագետներին ներգրավում է պետական կառավարման համակարգ:
Ծրագրի շրջանակներում արդեն 250-ից ավելի մասնագետներ աշխատանքի են անցել Հայաստանի պետական կառույցներում, որոնցից 70%-ից ավելին շարունակել է աշխատել Հայաստանում, այդ թվում՝ բարձր պաշտոններում:
«իԳործ» ծրագիրը ներառվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության լավագույն փորձերի շտեմարանում և ներկայացվել Եվրոպական միության ապագայի ֆորումում՝ որպես օրինակելի ծրագիր:
Հայտադիմումն անհրաժեշտ է լրացնել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքում` http://diaspora.gov.am/hy/programs/25/fellowship:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել diasporafellowships@gov.am էլ. հասցեով: