Հեղինակ՝ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՂԱՎՆԻ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության Ինստիտուտ
Նախակոմունիստական Չինաստանը Ասիայում միակ պետությունն էր, որը դեմ չքվեարկեց Իսրայելի պետության ստեղծման վերաբերյալ ՄԱԿ-ի ԳԱ-ի 1947թ. պատմական քվեարկությանը: Չինաստանի ձեռնպահ քվեարկումը փաստացի կերպով օգնեց անհրաժեշտ 2/3 մեծամասնությամբ բանաձևի անցկացմանը, որն Իսրայելի պետության ստեղծման համար միջազգային լեգիտիմություն ապահովեց:
Իր հերթին Իսրայելը ոչ-կոմունիստական դաշինքի յոթերորդ և, մինչ 1956թ., Մերձավոր Արևելքի (ՄԱ) առաջին պետությունն էր, որը պաշտոնապես ճանաչեց Չինաստանի Ժողովրդական հանրապետությունը (ՉԺՀ)` 1949թ. հոկտեմբերի 1-ին վերջինիս հիմնադրումից անմիջապես հետո:
Առաջին պաշտոնական փոխանակությունը ՉԺՀ-ի և Իսրայելի միջև տեղի է ունեցել 1950թ. սկզբին: Հունվարի 9-ին Իսրայելի արտգործնախարար Մոշե Շարեթն իր չինացի գործընկերոջը` Ճոու Էնլային տեղեկացրեց Չինաստանի նոր կառավարության օրինականության ճանաչման մասին: Հունվարի 16-ին Երուսաղեմը ՉԺՀ-ի ճանաչման վերաբերյալ հաղորդագրություն ուղարկեց Պեկին:
Իր հերթին Պեկինը մի շարք ջանքեր գործադրեց իսրայելցի դիվանագետների հետ կապեր հաստատելու ուղղությամբ, հատկապես Մոսկվայում: 1950թ. հունիսին ՉԺՀ-ի գործերի հավատարմատարն այցելեց Մոսկվայում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչություն և իր կառավարության անունից հետաքրքրվեց ՉԺՀ դիվանագիտական առաքելություն ուղարկելու Իսրայելի մտադրության մասին, որին հստակ պատասխան չտրվեց:
Հարկ է նշել, որ Իսրայելի և ՉԺՀ-ի փոխադարձ ճանաչմանը նպաստեցին մի շարք գործոններ: Նախ` կոմունիստական Չինաստանը միջազգային հանրության կողմից ՉԺՀ-ի ճանաչումն ապահովելու նպատակով պատրաստ էր դիվանագիտական կապեր հաստատել անգամ ԱՄՆ-ի ազդեցության տակ գտնվող երկրների հետ, ինչպիսին Իսրայելն էր: ՉԺՀ-ի առաջնորդ Մաո Ձեդունն այն կարծիքին էր, որ իմպերիալիստական պետություններ` ԱՄՆ-ը, Մեծ Բիրիտանիան, Ֆրանսիան ու Արևմտյան Գերմանիան պարզապես շահագործում են Իսրայելին: Պեկինում գտնում էին, որ Իսրայել պետության ստեղծումը Մեծ Բրիտանիայի դեմ հրեա ժողովրդի երկարատև ազգային ազատագրական պայքարի արդյունք է:
Չին-իսրայելական կապերի հաստատմանը նպաստեցին նաև Մոսկվա-Պեկին դաշինքի վաղ շրջանում Իսրայել պետության ձևավորմանն ուղղված ԽՍՀՄ-ի աջակցությունը և խորհրդաչինական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Նշենք նաև, որ 1950-ականների սկզբներին Իսրայելի կառավարող և անթաքույց սոցիալիստական հակումներ ունեցող ձախամետ կոալիցիան գաղափարապես ավելի մոտ էր գտնվում ՉԺՀ-ին, քան արևմտյան շատ այլ կառավարություններ: Բացի այդ, ի տարբերություն մի շարք արևմտյան և ոչ-արևմտյան, ինչպես նաև արաբական երկրների, Իսրայելը երբեք չճանաչեց Չինաստանի հանրապետությունը` Թայվանը, թեև վերջինս ճանաչել է Իսրայելը 1949թ. մարտին` չին կոմունիստներից կրած պարտությունից և Թայվան տեղափոխվելուց մի քանի ամիս առաջ: 1949 թվից ի վեր Իսրայելի և Թայվանի միջև ոչ-պաշտոնական, ոչ-կառավարական և գլխավորապես ռազմական ու կոմերցիոն կապերը սովորաբար կրել են գաղտնի բնույթ, քանի որ Թայվանը ձգտում էր խուսափել հակաչինական տրամադրությամբ արաբական երկրների հետ հարաբերությունների վատթարացումից:
1950թ. սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչները պաշտպանեցին ԱԽ-ում Թայվանի պատվիրակներին ՉԺՀ-ի պատվիրակներով փոխարինելու վերաբերյալ բանաձևի ընդունումը: ԱԽ-ում ՉԺՀ-ի հատուկ ներկայացուցիչն իր երախտագիտությունը հայտնեց Իսրայելին` տասնվեց երկրներից մեկին, որը կողմ էր քվեարկել բանաձևի ընդունմանը:
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խանգարեց կորեական պատերազմը: 1950թ. հոկտեմբերին կորեական պատերազմին Պեկինի միջամտությունից հետո 1951թ. փետրվարի 1-ին ՉԺՀ-ը` ագրեսոր, իսկ նրա կառավարության գործողությունները` ագրեսիա հայտարարվեցին ՄԱԿ-ի 43 պատվիրակի, այդ թվում Իսրայելի ներկայացուցչի կողմից: Վաշինգտոնը խիստ ճնշում գործադրեց Իսրայելի վրա, որի արդյունքում Չինաստանի հետ Իսրայելի որևէ հարաբերություն կասեցվեց: ՉԺՀ-ն իբրև կոմունիստական երկիր, սկսեց առաջին անգամ քննադատական և թշնամական վերաբերմունք դրսևորել Իսրայելի նկատմամբ: Սուեզի ջրանցքի ճգնաժամի ընթացքում Պեկինն Իսրայելին անվանեց կայսերապետական քաղաքականության գործիք:
Հարկ է նշել, որ 1952թ. վերջին և 1953թ. սկզբին Թել Ավիվի հանդեպ ՉԺՀ-ի թշնամական կեցվածքը համահունչ էր խորհրդաիսրայելական հարաբերությունների սրմանը: Այս շրջանում չինական կառավարությունն առավել բացահայտորեն սկսեց դատապարտել Իսրայելին ու Սիոնիզմն ընդհանրապես:
ԱԽ-ում ՉԺՀ-ի տեղի վերականգնման հարցում Իսրայելի ձեռնպահ քվեարկելուց և կորեական թերակղզում զինադադար հաստատելուց հետո ՉԺՀ-ը սկսեց զգուշորեն դիվանագիտական կապերի հաստատման ուղիներ որոնել Իսրայելի հետ: 1953թ. նոյեմբերի 9-ին Ֆինլանդիայում Չինաստանի գործերի հավատարմատարը հայտնեց, որ Իսրայելի կառավարության կողմից նախաձեռնության դեպքում պատրաստ է Պեկինին ներկայացուցչությունների փոխանակում առաջարկել: Իսրայելցի դիվանագետները հավանություն տվեցին չին-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների խնդրի վերանայման առաջարկին` պայմանով, որ պատասխանել կարող են միայն ԱՄՆ-ի դիրքորոշումը պարզելուց հետո: Մեկ ամիս անց բացասական պատասխան եկավ, որի համաձայն` Կորեայում և Հնդկաչինում ՉԺՀ-ի ագրեսիայի նկատմամբ Արևմուտքի անբարյացակամ վերաբերմունքով պայմանավորված, չին-իսրայելական դիվանագիտական կապերի հաստատումը խիստ համարձակ ու վտանգավոր էր գնահատվում: Այդժամ Պեկինը`«հիասթափվելով» Իսրայելի հետ հարաբերությունների հաստատման հեռանկարի հարցում, արաբական երկրների հետ կապերի զարգացման որոշում կայացրեց:
Այնուհանդերձ, հակառակ սառըպատերազմյան մթնոլորտինև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Չինաստանի և Իսրայելի կառավարությունների միջև ոչ-պաշտոնական կապեր արձանագրվել են: 1954թ. երկու կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Չինաստանի Արտաքին Առևտրային գործերի վարչության (Chinese Commercial Foreign Affairs Office) հրավերով, իսրայելական առևտրային պատվիրակությունը` 1955թ. հունվարին չորս-շաբաթյա այցով շրջագայել է ՉԺՀ-ի խոշոր քաղաքներով: Առաքելությունը հաջողությամբ է պսակվել` հետագա առևտրային կապերի շարունակման ակնկալիքով:
Ըստ էության, երկու երկրները կարող էին հաստատել դիվանագիտական հարաբերություններ, եթե չլիներ ԱՄՆ-ի կողմից Իսրայելի նկատմամբ գործադրված ճնշումը, և եթե ասիական ու աֆրիկական երկրների 1955թ. ապրիլի բանդուգյան համաժողովից հետո Չինաստանը չվերանայեր իր արտաքին քաղաքականությունը: Խնդիրն այն է, որ Բանդունգից հետո Չինաստանի Կոմկուսի համար արաբական աշխարհի հետ կապերի զարգացումը, Իսրայելի համեմատությամբ առաջնահերթ էր դիտվում: Թեև 1956թ. սեպտեմբերին Իսրայելի Կոմկուսի առաջնորդ Մեիր Վիլների գլխավորած պատվիրակությունը ժամանեց ՉԺՀ, և Իսրայելի Կումկուսի կանանցից կազմված մի շարք պատվիրակություններ մասնակցեցին ՉԺՀ-ում կազմակերպված միջազգային համաժողովներին, այնուհանդերձ Բանդունգից հետո խզվեցին ոչ միայն չին-իսրայելական կոմունիստական կուսակցությունների միջև կապերը, այլ չին-իսրայելական հարաբերություններն ընդհանրապես: ՉԺՀ-ի իշխանություններն արգելեցին չինական շուկայով շահագրգռված որոշ իսրայելցի գործարարների մուտքը Չինաստան: Երկու երկրների միջև կապերը միառժամանակ սահմանափակվեցին գիտնական շրջանակների միջև հազվադեպ շփումներով:
1958թ. գործարար Վիկտոր Զիրինսկին նշանակվեց այնժամ արդեն հայտնի համաշխարհային կոմերցիոն և արդյունաբերական կենտրոն Հոնգկոնգում` Իսրայելի պատվավոր հյուպատոսի պաշտոնում: Ավելի ուշ, 1973թ. Իսրայելը հյուպատոսարան հիմնեց Հոնգկոնգում, որի գլխավոր հյուպատոս նշանակվեց Էմանուել Գելբերը: Հյուպատոսարանի նախնական նպատակը չին-իսրայելական կապերի խթանումն էր, որի ջանքերն ապարդյուն անցան, և գլխավոր հյուպատոսարանը փակվեց`Իսրայելը ներկայացնելու առաքելությունը կրկին թողնելով Վիկտոր Զիրինսկուն:
Պեկինի պատմական աջակցությունը պաղեստինյան ազգային գործին ևս նպաստեց իսրայելաչինական դիվանագիտական կապերի հաստատման հետաձգմանը: 1950-ականների կեսերից ի վեր ՉԺՀ-ը խիստ հակաիսրայելական դիրքորոշում զբաղեցրեց և դադարեցրեց երկկողմանի կապերն Իսրայելի հետ: Պեկինը ջերմեռանդորեն պաշտպանում էր Իսրայելի դեմ արաբական հեղափոխական գործը: ՊԱԿ-ը մշտական պատվիրակություն ուներ Պեկինում: Չինաստանը շարունակում էր հրաժարվել ճանաչել Իսրայելը և սատարում էր անկախ պետություն ստեղծելու պաղեստինցիների պահանջները: 1967թ. Վեցօրյա պատերազմից և Միացյալ Արաբական Հանրապետության ու Իսրայելի միջև հրադադարի հաստատումից հետո պեկինյան քարոզչությունը լայնորեն շրջանառության մեջ դրեց «արաբական գործերում երկու գերտերությունների միջամտությունը» դատապարտող և Իսրայելի դեմ զինված պայքարի շարունակությունը պաշտպանող պաղեստինյան կազմակերպության և «ՖԱԹՀ»-ի կարգախոսները: Սա համընկնում էր «Մշակութային հեղափոխության» ոգու հետ, երբ Չինաստանն առավել քան երբևէ մեծացրեց իր աջակցությունն ազգային ազատագրական պայքարի գործի հանդեպ:
1979թ. Պեկինի և Պաղեստինի Ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) միջև հարաբերությունները որոշ չափով սառեցին և համագործակցությունը ժամանակավորապես դադարեցվեց, հատկապես երբ փետրվարին չինական զինված ուժերը ներխուժեցին Վիետնամի տարածք, մի երկիր, որը ջերմորեն պաշտպանում էր ՊԱԿ-ին: Մինչդեռ չին-իսրայելական հարաբերություններում նոր առաջընթաց նկատվեց` սկիզբ դնելով վերջիններիս միջև ռազմական և առևտրային կապերի հաստատմանը: Չինաստանի Ժողովրդական Ազատագրական բանակում`ՉԺԱԲ-ում, հաշվի առնելով վիետնամական թշնամու դեմ պայքարում չինական զենքի ու մարտավարության թերությունները, որոշեցին օգտվել արաբների դեմ մարտերում իսրայելական ՑԱԽԱԼ-ի կուտակած փորձից: Նշենք, որ այդժամ Չինաստանը մտել էր հետմաոական տնտեսական բարեփոխումների և աճի շրջան, հետևաբար Պեկինում քաջ գիտակցում էին, որ 20 տարվա մեկուսացումից և գործնական լճացումից հետո ՉԺՀ-ի ռազմական համակարգը հրատապ և համակողմանի արդիականացման կարիք ունի: Ընդ որում ՉԺԱԲ-ը ռազմական և տեխնոլոգիական աջակցության կարիք ուներ խորհրդային արտադրության զինվածության դեմ պայքարի փորձ ունեցող այնպիսի մատակարարներից, որոնք ի վիճակի էին արդիականացնել չինական ռազմական տեխնիկան: Իսրայելն այն եզակի երկրներից էր, որը համապատասխանում էր Պեկինի պահանջներին: 1967թ. և 1973թ. արաբ-իսրայելական պատերազմների ընթացքում բռնագրավված խորհրդային արտադրության զինատեսակներին քաջածանոթ լինելով, Իսրայելի ռազմական արդյունաբերությունը բավականաչափ կատարելագործել էր խորհրդային որոշ հնացած զինատեսակներ: Իսրայելը, օգտվելով Արևմուտքում զենքի և ռազմական տեխնոլոգիաների ձեռքբերման հարցում ՉԺՀ-ի հետաքրքրվածությունից, շտապեց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Պեկինին: Կոսմոպոլիտ հրեա գործարար և ձեռնարկատեր Շաուլ Ն. Այզենբերգը (Shoul N. Eisenberg), որն Իսրայելի ռազմական արդյունաբերության և ՉԺՀ-ի միջև միջնորդի բացառիկ արտոնություններից էր օգտվում, էական դեր խաղաց այդ գործում:
Չինաստանի և Իսրայելի միջև տեղի ունեցած գաղտնի բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Իսրայելն արդիականացրեց ՉԺՀ-ի խորհրդային արտադրության «T-59» և «T-69» տեսակի հազարավոր տանկեր: Միևնույն ժամանակ, Իսրայելի հետ գաղտնի գործարքը «հավասարակշռելու» նպատակով Պեկինը մեկ միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն տրամադրեց Յասեր Արաֆաթին և բարձրացրեց Պեկինում ՊԱԿ-ի գրասենյակի կարգավիճակը դեսպանատան մակարդակի:
Նշենք, որ նախքան դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, չին-իսրայելական ռազմական առնչությունները գաղտնի են եղել: Ըստ օտարերկրյա դիտորդների` 1970-ականների վերջերից մինչև 1980-ականների սկիզբը ՉԺՀ-ի և Իսրայելի միջև զենքի վաճառքը կազմել է 3-4 մլրդ ԱՄՆ դոլար:
Փաստորեն, դեռևս 1979թ. սկզբին, չինացիներն ըստ էության կորցրել էին պաղեստինյան ազգային գործի նկատմամբ հետաքրքությունը: Ինչ վերաբերվում է «Արաբական դիմադրության ճակատում» պառակտումներին, ապա Պեկինը ձգտում էր խուսափել կողմերից որևէ մեկին հակվելուց: Այդ պատճառով էլ Պեկինը հրաժարվում էր Քեմփ Դևիդի գործընթացի սկզբնական շրջանում հստակ դիրքորոշում գրավել` խուսափելով այն դատապարտող արաբների թշնամությունից և զայրույթից: Ըստ 1979թ. մարտի 22-ի չինական պաշտոնաթերթ «Ժէնմին Ժիբաո»-ի` ՄԱ-ում Պեկինի քաղաքականությունն արմատական արաբականության պաշտպանությունից անցում էր կատարում ամերիկյան քաղաքականության պաշտպանությանը: Թերթի համաձայն` Չինաստանը ոչ միայն նավթ ներկրող երկիր չէր, այլ իր նավթի փոքր մասն էր օգտագործում, ուստի Պեկինն ազատ էր իր արտաքին քաղաքականության և թշնամուս (ԽՍՀՄ-ի) թշնամին (ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները) «իմ բարեկամն է» սկզբունքների պաշտպանության հարցում: Ելնելով ԽՍՀՄ-ին իր գլխավոր հակառակորդ դիտելու հանգամանքից, Չինաստանը ցանկանում էր սերտ կապեր պահպանել հակախորհրդային սադաթյան Եգիպտոսի հետ: Պեկինում գտնում էին, որ արաբ-իսրայելական հակամարտությունը պետք է կարգավորվի Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի նշած` Իսրայելի հետ քեմփդևիդյան համաձայնագրի հիման վրա հաշտեցման ուղիով: Թեև ԱՄՆ-ի նախագահ Ջիմմի Կարտերի խաղաղ կարգավորման ջանքերին ցուցաբերած Չինաստանի աջակցությունը զուսպ էր, այնուհանդերձ Պեկինը չէր թաքցնում իր համակրանքը Եգիպտոսի հանդեպ:
Դեռ ավելին, 1979թ. ՉԺՀ-ի արտգործնախարարն ամերիկյան սենատորների պատվին ճաշկերույթի ժամանակ հայտարարեց, որ ՉԺՀ-ը մտադիր չէ «Իսրայելին ծովը նետել»: Սա նշանակում էր, որ Պեկինը, ի տարբերություն պաղեստինցիների, Իսրայելի գոյության դեմ որևէ առարկություն չուներ: Իսրայելի արտգործնախարար Մոշե Դայանը Հարավային և Հարավ-արևելյան Ասիայի երկրներ կատարած շրջագայության ընթացքում` Նեպալում հայտնեց, իսկ Հոնգկոնգում կրկնեց, որ «Իսրայելը Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մեծ ցանկություն ունի»: 1979թ. Իսրայելի և Եգիպտոսի միջև խաղաղության հաշտագրի ստորագրումից հետո Չինաստանի հարաբերությունները Պաղեստինի հետ անկում ապրեցին:
1980-ականների կեսերից ի վեր Իսրայելի նկատմամբ ՉԺՀ-ի դիվանագիտությունն ակտիվացավ, որը պայմանավորված էր Պեկինի որդեգրած “բացության քաղաքականությամբ” և վերջինիս բնորոշ պրագմատիզմով ու ռեալիզմով: Պեկինը մի կողմից պաշտպանում էր «հող խաղաղության դիմաց” հայեցակարգը, մյուս կողմից` ընդունում Պաղեստինի անկախ պետության ճանաչման անհրաժեշտությունը:
1980-ականների երկրորդ կեսին Չինաստանն իսրայելական գյուղատնտեսության, հատկապես ոռոգման համակարգերի եւ չորային գոտիների մշակման, արևային էներգիայի, ապրանքային արտադրության, առաջադեմ տեխնոլոգիաների, ռոբոտների, շինարարության, ճանապարհաշինության և զենքի արտադրության ոլորտներում իսրայելական փորձի փոխանակման և համագործակցության մեծ կարիք ուներ: Չինական ռազմական համակարգերի արդիականացման և ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների ձեռքբերման խնդրանքով Չինաստանը կարող էր դիմել Իսրայելին, ինչը նրան անհասանելի էր ԱՄՆ-ում ու ԽՍՀՄ-ում: Չինացիները «նոու-հաու»-ի, նոր գաղափարների և ներդրումների մեծ կարիք ունեին: 1986թ. դեկտեմբերին չինական նահանգներն ու տնտեսական ոլորտի տարբեր ընկերություններ առավել քան 70 նախագծային առաջարկ են ներկայացրել իսրայելական ընկերություններին: Այդ նախագծերը վերաբերվում էին բնակելի թաղամասերի շինարարությանը, բարձր տեխնոլոգիաների ապարատային սարքավորումների արտահանմանը և այլ ոլորտների: Սկզբնական շրջանում նման գործարքների միջնորդի դերում հանդես էին գալիս հրեա գործարարներ Հոնգկոնից, Եվրոպայից և Ավստրալիայից, սակայն հետագայում չինացիներն աստիճանաբար սկսեցին գործարքներ կնքել ուղղակի իսրայելական ընկերությունների հետ:
1986թ. Հոնգկոնգի վերլուծական «KANWA» կենտրոնի անկախ փորձագետի համաձայն` ռազմական ավիաշինարարության ոլորտի իսրայելական մասնագետների մեծ խումբ ժամանել է Սիչուան նահանգի Չէնդու քաղաք` չինական ավիատեզերական արդյունաբերության կենտրոն, որտեղ իսրայելցիների ժամանումը քողարկված է եղել գաղտնիության հաստ շղարշով:
1987թ. մայիսի վերջին և հունիսի սկզբին իսրայելական կառավարական աղբյուրի համաձայն` Իսրայելի տարբեր ձեռնարկություններից կազմված պատվիրակությունը չինական իշխանությունների հրավերով այցելել է ՉԺՀ: Այն փաստը, որ իսրայելցիները ՉԺՀ ժամանել էին առանց թաքցնելու իրենց ինքնությունը, այսինքն՝ իսրայելական անձնագրերով, խոսում էր այն մասին, որ երկու երկրների հարաբերություններում որոշակի առաջընթաց է արձանագրվել: Չին-իսրայելական տնտեսական կապերի խթանման, ինչպես նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման նպատակով Իսրայելի ԱԳՆ-ը որոշել էր վերաբացել բյուջետային կրճատումների և Չինաստանի հետ կապերի բացակայության պատճառով 1975թ. փակված Հոնգկոնգի հյուպատոսությունը:
1987թ. երկու երկրների արտգործնախարարները գաղտնի հանդիպում ունեցան ՄԱԿ-ի շրջանակներում: Երկխոսությունը շարունակվեց Հոնգկոնգում: Սա իր հերթին 1990թ. Պեկինում Իսրայելի հումանիտար գիտությունների ակադեմիայի ներկայացուցչական գրասենյակի բացման առիթ ծառայեց: Միաժամանակ Թել-Ավիվում իր գրասենյակը հիմնեց Չինաստանի միջազգային ուղևորային ծառայությունը (China International Travel Service), որը վարում էին ԱԳՆ-ի պաշտոնյաները:
Իսրայելի կառավարությունն օգնեց Պեկինին շրջանցել 1989թ. տիանանմենյան դեպքերից հետո Չինաստանին պարտադրված ամերիկյան ու եվրոպական ռազմական պատժամիջոցները: Զենքի վաճառքը և ռազմական այլ գործարքների կնքումը հանգեցրին Իսրայելի հանդեպ չինական թշնամական հռետորաբանության մեղմացմանը` ի վերջո չին-իսրայելական հարաբերությունների կարգավորման համար ուղի հարթելով: Չինաստանում կարծում էին նաև, որ Վաշինգտոնի հետ սերտ և հատուկ կապեր ունեցող Իսրայելի հետ լավ հարաբերությունների հաստատումը, ըստ ամենայնի, պետք է օգներ չին-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը:
1990թ. երկու երկրները ոչ-պաշտոնական հանդիպումներ ունեցան Պեկինում ու Թել-Ավիվում: Նույն թվին Պեկինի համալսարանի փոխնախագահը փորձում էր ամերիկացիների օգնությամբ համալսարանում հրեական լեզվի կենտրոն բացել:
ԽՍՀՄ-ի փլուզումից և սառը պատերազմի ավարտից հետո փոխվեց նաև չինական կառավարության արտաքին քաղաքականությանբնույթը: Եթե հատկապես 1960-1970թթ. երկկողմ հարաբերություններում գերիշխում էր քաղաքական տարրը (ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի երկու գերտերությունների առճակատման պայմաններում Երրորդ աշխարհի երկրների նկատմամբ առաջնորդության ձգտումը), ապա ԽՍՀՄ-ի փլուզումից և «Սառը պատերազմի» ավարտից հետո տնտեսությունն ու տնտեսական դիվանագիտությունը Չինաստանի քաղաքականության առաջատար օղակն էր:
ԽՍՀՄ-ի փլուզումը, Չինաստանի արդիականացման քաղաքականությունը, ԱՄՆ-ի հրեական լոբբիի առասպելի նկատմամբ հավատը, 1991թ. Ծոցի պատերազմը (հատկապես իրաքյան «Սքուդ» տեսակի հրթիռների գրոհին ենթարկվելուց հետո հակահարված հասնելուց Իսրայելի հրաժարման փաստը), այս ամենը չին-իսրայելական հարաբերությունների կարգավորմանը նպաստող գործոններից էին:
Իրաքի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի տարբեր բանաձևերի ընդունման գործում Արևմուտքի հետ համագործակցության միջոցով Պեկինը փորձում էր վերականգնել իր նախկին կարգավիճակը և առավել ակտիվ գործունեություն ծավալել միջազգային գործերում: Չինաստանը շահագրգռված էր նաև արաբ-իսրայելական հակամարտության և պաղեստինյան խնդրի խաղաղ կարգավորմանը նվիրված Մադրիդի համաժողովին մասնակցելու հարցում, քանի որ 1980-ականների կեսերից ի վեր արաբ-իսրայելական գործընթացին վերջինիս մասնակցությունը կասեցվել էր: Մինչդեռ Պեկինում քաջ գիտակցում էին, որ ՄԱ-ի գործերին լայն ներգրավվածություն կարող են ունենալ միայն Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո: Չին-իսրայելական դիվանագիտական կապերի հաստատման գործընթացն արագացվեց 1992թ. փետրվարին Մոսկվայում կայանալիք համաժողովին Չինաստանի մասնակցության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված:
1992թ. հունվարի 23-ին Իսրայելի արտգործնախարար Դավիդ Լեվին և Չինաստանի արտգործնախարար Ցիան Ցիչենը ՉԺՀ-ի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ համատեղ հուշագիր ստորագրեցին` պաշտոնապես դիվանագիտական հարաբերություններ հաստատելով երկու երկրների միջև: 1992թ. Պեկինում բացվեց իսրայելական դեսպանատունը, իսկ 1994թ. Իսրայելի հյուպատոսությունը բացվեց Շանհայում:
ՉԺՀ-ի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը նպաստեցին վերջինիս և ասիական տարածաշրջանի բազմաթիվ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթացին: Իսրայելի հետ Արևելյան Ասիան և ընդհանրապես խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կապող ուղիղ չվերթները Թել-Ավիվի համար բացեցին աշխարհի ամենաարագ զարգացող տարածաշրջանը:
Աղբյուրը՝
Ա. Հարությունյան, առաջատար գիտաշխատող
պատմական գիտությունների թեկնածու
Միջազգային հարաբերությունների բաժին
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության Ինստիտուտ
aghavni.harutyunyan1@gmail.com